Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների երեկվա հեռախոսազրույցից հետո ռուսական զինուժը գիշերն անօդաչուներով և բալիստիկ հրթիռներով լայնածավալ հարձակում է գործել Կիևի և այլ քաղաքների վրա: Մայրաքաղաքում կա մեկ զոհ, 26 վիրավոր, վնասվել է քաղաքի երկաթուղին, Լեհաստանի հյուպատոսության շենքը, այրվել են պահեստներ, ավտոմեքենաներ:
Կիևի բնակիչ Տատյանա Զարուդնան պատմում է, որ տպավորություն էր, թե անօդաչուները հարվածում էին յուրաքանչյուր րոպեն մեկ: Հարվածներից հետո հրդեհ է բռնկվել իր բնակարանում, որտեղ այլևս հնարավոր չէ ապրել, ասել է Տատյանան. - «Ամեն ինչ մրով է ծածկված։ Մենք պետք է վերանորոգենք այն։ Բնակարանն ամբողջությամբ չի այրվել, բայց այն պիտանի չէ բնակության համար»:
Մեկ այլ բնակիչ՝ Մարիա Հիլչենկոն պատմում է, որ պայթյունների ձայներից է արթնացել: Մի պահ դրանք հանդարտվել են, ապա՝ նորից սկսվել. - «Պայթյուններն ավելի ու ավելի էին մոտենում։ Շտապեցինք միջանցք։ Հետո հարևանը եկավ և ասաց, որ անօդաչուն հարվածել է իր բնակարանին, և մենք պետք է հավաքենք իրերն ու դուրս գանք շենքից»։
Ուկրաինայի նախագահն ասել է, որ սա օդային ամենախոշոր հարձակումներից մեկն է և դատապարտել է այն: Վլադիմիր Զելենսկին նշել է՝ Ռուսաստանը կրկին ապացուցում է, որ մտադիր չէ դադարեցնել պատերազմը: Ըստ նրա՝ քանի դեռ Ռուսաստանի նկատմամբ ճնշումը չի մեծացվել, այն չի փոխի իր վարքագիծը։
Ուկրաինական զինուժն, իր հերթին, անօդաչուներով հարվածել է ռուսական քաղաքներին, Ռոստովում կա զոհ, վնասվել են շենքեր, հարվածել են նաև Մոսկվային մոտ գտնվող Սերգիև Պոսադ քաղաքի էլեկտրակայանին:
Ռուսաստանը հայտնել է, որ ևս մեկ բնակավայր է վերցրել Ուկրաինայի արևելքում: Միաժամանակ Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր գերիների հերթական փոխանակումն են արել՝ թվով 7-րդը ստամբուլյան պայմանավորվածության շրջանակում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսները 539 անօդաչու և 11 հրթիռ են արձակել Ուկրաինայի վրա. Կիևում 23 մարդ տուժել էԱյսօր հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահները: Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ քննարկել են ռուսական զինուժի այսօրվա հարձակումները, նաև հակաօդային պաշտպանությանն առնչվող հարցեր և համաձայնել աշխատել Ուկրաինայի «երկինքը պաշտպանելու» հնարավորությունների ընդլայնման վրա:
Երեկ էլ տեղի էր ունեցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը՝ թվով վեցերորդն այս տարվա ընթացքում: Մոտ մեկ ժամ տևած զրույցի ժամանակ առաջնորդներն անդրադարձել են նաև ուկրաինական խնդրին:
Թրամփը բարձրացրել է պատերազմը հնարավորինս շուտ դադարեցնելու հարցը։ Պուտինն էլ ասել է, որ չի պատրաստվում նահանջել Ուկրաինայում իր նպատակներից և հասնելու է նրան, որ վերացվեն հակամարտության առաջացման հիմնապատճառները: Մոսկվան, ամեն դեպքում, դեռ հետաքրքրված է հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորմամբ, ասել է նա։
Հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցում պատերազմը դադարեցնելու հարցում առաջընթաց չի արձանագրվել: «Ոչ, այսօր ես այդ հարցում որևէ առաջընթաց չեմ գրանցել»,- ասել է նա:
Թրամփն ավելի ուշ էլ ասել է, թե հիասթափված է Պուտինից:
«Շատ հիասթափված եմ նախագահ Պուտինի հետ այսօրվա զրույցից ... Չեմ կարծում, որ նա ներգրավված է լարվածության թուլացման ջանքերում ... Չեմ կարծում, որ նա ցանկանում է կանգ առնել, և դա շատ վատ է», - ընդգծել է ԱՄՆ նախագահը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան չի պատրաստվում նահանջել Ուկրաինայում իր նպատակներից. Պուտինը՝ Թրամփին«Ազատության» «Նաստոյաշչեե վրեմյա» հեռուստաալիքի հետ զրույցում ուկրաինացի քաղաքագետՊետրո Օլեշչուկն ասել է, որ Թրամփի նշած պատճառն այդքան էլ համոզիչ չէ։ Ըստ նրա՝ այս որոշումը կարող է կապված լինել Մոսկվայի հետ Վաշինգտոնի հարաբերությունները վերականգնելու հետ: Բայց եթե օգնությունն իսկապես դադարի, դա միայն կխթանի «ռուսական ահաբեկչությունը», պնդել է նա:
«Պարզապես այն պատճառով, որ Patriot հրթիռները միջոց են՝ խոցելու բալիստիկ հրթիռները, որոնցով Ռուսաստանն ահաբեկում է ուկրաինական քաղաքները։ Եվ բացի ահաբեկչությունը խթանելուց որևէ այլ նպատակ այդ որոշումը չի հետապնդում: Դժվար է դա այլ կերպ ընկալել», - նշել է Օլեշչուկը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցելԼատվիայի արտգործնախարարը «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը լրջորեն պատրաստ չէ խաղաղության, ուստի պետք է շարունակել ճնշումը: Բաիբա Բրաժեն ասել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են ավելի շատ ինքնապաշտպանական կարողություններ և բազմաշերտ հակաօդային պաշտպանություն:
«Բայց նրանց նաև անհրաժեշտ են հարձակողական կարողություններ՝ ոչնչացնելու գործարանները, ուր արտադրվում են [ռուսական] անօդաչուները։ Սա այն բաներից մեկն է, որը պետք է կարողանանք տրամադրել Ուկրաինային», - նշել է Լատվիայի ԱԳ նախարարը։
Այս ֆոնին Գերմանիան հայտարարել է, որ բանակցում է ԱՄՆ-ի հետ, որպեսզի Patriot հրթիռներ գնի Ուկրաինայի համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ հույս է հայտնել, որ Վաշինգտոնը ճկուն կլինի և Կիևին կտրամադրի այն, ինչ նրանց անհրաժեշտ է:
Նիդեռլանդները հայտարարել է, թե ապացույցներ ունեն, որ Ռուսաստանն ինտենսիվացնում է Ուկրաինայում քիմիական արգելված զենքի կիրառումը և կոչ է արել խստացնել պատժամիջոցները: