«Գախարիան՝ Վրաստանի համար» կուսակցության պատգամավորները զրկվել են մանդատներից

Վրաստանի խորհրդարանի «Գախարիան՝ Վրաստանի համար» կուսակցության պատգամավորները զրկվել են մանդատներից։ Որոշումը կայացվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմ ձայների արդյունքում, որը նման քայլի է դիմել ընդդիմադիրների «լիագումար նիստերից անհիմն պատճառներով համակարգված բացակայության» պատճառով։

Խոսքն ընդհանուր առմամբ 12 պատգամավորի մասին է: Նրանց առաջնորդը՝ Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր առաջնորդ Գիորգի Գախարիան, հայտարարել է, որ իր կուսակիցները քաղաքական բոյկոտ են իրականացրել, ինչն իրենց սահմանադրական իրավունքն է։

2024 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանի օրենսդիր մարմնի նիստերը բոյկոտում են խորհրդարան անցած բոլոր ընդդիմադիրները՝ պնդելով, որ քվեարկության արդյունքները կեղծվել են։ Իշխող մեծամասնությունն անցած ամիսներին բացակայությունների պատճառաբանությամբ այլ ընդդիմադիրների էլ էր զրկել մանդատներից և այժմ 150 տեղանոց խորհրդարանում ներկայացված է ընդամենը 89 պատգամավոր: