Էրդողանը կարծում է՝ Հայաստանն «ավելի ճկուն է» «Զանգեզուրի միջանցքի» հարցում. Երևանից արձագանքում են՝ սկզբունքը չի փոխվել

Չնայած Հայաստանն ի սկզբանե դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այն ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրմանը մասնակցելու հարցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ առանց փակագծեր բացելու։

Բաքուն Հայաստանից ճանապարհ՝ «Զանգեզուրի միջանցք» է պահանջում, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանին ու կլինի առանց մաքսային հսկողության ու անխոչընդոտ: Երևանը պնդում է, որ այդ ճանապարհները պետք է գործեն երկրների ինքնիշխանության ներքո՝ մերժելով միջանցքային տրամաբանությունը:

Ըստ «Անադոլու» պետական լրատվական գործակալության՝ Թուրքիայի առաջնորդը պնդել է նաև, որ «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կբերի ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար:

«Մենք այս գիծը դիտարկում ենք որպես աշխարհատնտեսական հեղափոխության մի մաս»,- ասել է Էրդողանը և հույս հայտնել, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման շնորհիվ «նոր և պատմական հնարավորությունների պատուհանների» բացման ականատեսը կդառնան։

Թուրքիայի ղեկավարի հայտարարությանը Երևանում արձագանքել է արտգործնախարարության խոսնակը: Անի Բադալյանը «Արմենպրեսին» հայտնել է, որ շահագրգիռ գործընկերների հետ ապաշրջափակման շուրջ քննարկումները շարունակվում են, միաժամանակ ընդգծել. - «Հայաստանը եղել և մնում է շահագրգռված տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման և տնտեսական զարգացման մեջ: Այդ ըմբռնումով է, որ ՀՀ-ն հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ և դրան համահունչ առանձին գաղափարներով, լուծումներով, կառուցողական առաջարկներով։ Մեր կարծիքով, դրանք կարող են փոխշահավետ արդյունքներ ապահովել ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ ավելի լայն աշխարհագրությամբ հաղորդակցությունների ցանցի զարգացմամբ հետաքրքրված գործընկերների համար: Ինչպես նախկինում, այժմ ևս տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ՀՀ տեսլականը խարսխված է հիմնարար սկզբունքների՝ ինքնիշխանության, կապուղիների նկատմամբ ազգային իրավազորության վրա, և ինչպես հայտնի է, չի ենթադրում այլ տրամաբանություն»: